ԵԱՏՄ-ում անհրաժեշտ է ակտիվացնել առեւտրում հաշվարկների համար ազգային արժույթներին անցման ուղղությամբ աշխատանքը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

«Անհրաժեշտ է ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը ԵԱՏՄ երկրներում առեւտրում հաշվարկների համար։ Այս մասին մենք վաղուց էինք խոսում, բայց հիմա այն բացարձակ հրատապ է դարձել: Կարծում եմ, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքներն այս ուղղությամբ»,- ասել է Ռոման Գոլովչենկոն։

Նրա կարծիքով՝ մոտ ապագայում համաշխարհային տնտեսությունում ցանկացած արժույթի արժեքն ու պահանջարկը կորոշվի դրա դիմաց որոշակի ապրանքներ կամ ծառայություններ գնելու հնարավորությամբ։

Բելառուսի կառավարության ղեկավարը բարձրացրել է նաեւ ԵԱՏՄ երկրների արդյունաբերության ոլորտում ներդրումների պակասի հարցը։ «Մեր կարծիքով, անհրաժեշտ է ուժեղացնել ԵԶԲ-ի եւ ԿԶԵՀ-ի դերը միության համար այս կարեւորագույն խնդրի լուծման գործում: Մենք կարծում ենք, որ վաղուց ժամանակն է համագործակցության լայնածավալ բիզնես նախագիծ  մշակել եւ իրականացնել, որտեղ այդ կառույցների ռեսուրսները կօգտագործվեն ինչպես ԵԱՏՄ բոլոր երկրներում պահանջարկ ունեցող նոր ապրանքների մշակման եւ արտադրության ֆինանսավորման, այնպես էլ դրանց մատակարարումների հնարավոր վարկավորման համար»,- ասել է նա։