ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մայիսի 26-ին Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 38-րդ նիստին:

Նիստի ընթացքում, ընդհանուր առմամբ, ստորագրվել է 12 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության սահմանային անցման կետերում տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության կատարելագործմանը, ֆիզիկական անձանց կողմից մասնատված տեսքով ապրանքների ներմուծմանը: Ընդունված որոշումները վերաբերում են նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման ժամանակ ֆիզիկական անձանց մշտական բնակության վայրը հաստատող փաստաթղթերին և տեղեկություններին, լիազորված տնտեսական օպերատորների կողմից ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված  հատուկ պարզեցման կիրառմանը, մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան  ապրանքների բացթողնման ժամանակ տրանսպորտային, առևտրային և այլ փաստաթղթերում մաքսային մարմինների կողմից նշումներ չկատարելու դեպքերին առնչվող մի շարք հարցերին:

Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական առաջին համաժողովի շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մասնակցել է նաև «ԵԱՏՄ համագործակցության նոր ուղղություններ» թեմայով պանելային քննարկմանը: Աշոտ Մուրադյանը, անդրադառնալով մաքսային ծառայությունների թվայնացման անհրաժեշտությանը, կարևորել է  գործընթացում ժամանակակից լուծումների կիրառումը, ինչը հնարավորություն կտա առավելագույն բարձրացնել մաքսային վարչարարության արդյունավետությունը: Աշոտ Մուրադյանի դիտարկմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև արագ տեմպերով զարգանում է տեղեկատվական փոխգործակցությունը, ինչը համահունչ է ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառության աճին: ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է նաև մաքսային մարմինների թվայնացման արդյունքում ստեղծվող հնարավորությունները, որոնք կնպաստեն մաքսային ծառայությունների արդյունավետ և թիրախային մատուցմանը:

 Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 39-րդ նիստն անցկացնել 2022 թվականին, Հայաստանի Հանրապետությունում: