Դիմադրության շարժման մասնակիցները վուվուզելներով արտահայտեցին այն բոլոր վատ բաները, որ մտածում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կառավարությունում տեղի է ունենում Փաշինյանի հանդիպումը Չեռնոգորիայի նախագահի հետ։

Դիմադրության շարժումը եկել է կառավարության շենքի մոտ, որպեսզի ցույց տա Չեռնոգորիայի նախագահին, որ Փաշինյանն այլեւս չի ներկայացնում Հայաստանի ժողովրդին։

Կառավարության շենքի դիմաց հսկայական թվով ոստիկաններ կան։

«Եթե այստեղ չլինեիք, Չեռնոգորիայի նախագահն արդեն 15 րոպե այստեղ պետք է լիներ։ Փառք ու պատիվ ձեր վճռականությանն ու կամքին»,- ցուցարարներին դիմեց Իշխան Սաղաթելյանը։

Ցուցարարներին մոտեցան նոր մասնակիցներ, նրանց դիմավորեցին ծափերով։

Մարդիկ ծափերով դիմավորեցին նաեւ ոստիկանական լրացուցիչ ուժերին։ «Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանին հսկող ուժերին համալրելու եկած ոստիկաններին։ Միեւնույն է՝ երկար պաշտպանել չեք կարող»,- մեկնաբանեց Սաղաթելյանը։