Նոր սերնդի անասնաբուծական շենքերի կառուցման, կերերի, ցեղական կենդանիների ձեռքբերման համար միջոցներ հատկացնելուն ուղղված ծրագրի շրջանակում ներդրումային նվազագույն թույլատրելի շեմը նվազեցվել է մինչեւ 2,5 միլիարդ դրամ (մոտ 5 միլիոն դոլար - խմբ.)՝ անասնաբուծության, խոզաբուծության եւ թռչնաբուծության մեջ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 26-ի նիստում։ Բացի այդ, կփոխհատուցվի փաստացի կապիտալ ներդրումների 40 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 3,5 միլիարդ դրամ։

Փոխհատուցման գործընթացը 5 փուլի փոխարեն կիրականացվի 2 փուլով։ Առաջին փուլում կտրամադրվի փոխհատուցման գումարի 2/3-ը, բայց ոչ ավելի, քան 2,3 միլիարդ դրամ, իսկ երկրորդ փուլում՝ հաջորդ ամբողջական ֆինանսական տարվա ընթացքում ծրագրի գործունեությունից ստացված շահույթի 80 տոկոսն ապահովելուց հետո կտրամադրվի փոխհատուցման գումարի 1/3-ը, բայց ոչ ավելի, քան 1,2 միլիարդ դրամ։