«Դիմադրություն» շարժման անդամները Կառավարության շենքի մոտից քայլերթով հասան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ քիչ անց կմեկնարկի հանրահավաքը։

Հիշեցնենք, որ ցուցարարները քայլերթով հասել էին Կառավարության շենքի առջեւ, որտեղ ոստիկանական մեծաթիվ ուժերը շղթա էին կազմել։ Ակցիան կապված էր Չեռնոգորիայի նախագահի այցի հետ: Կառավարությունում տեղի կունենա ՀՀ գործող վարչապետի եւ Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը։

«Մենք գալիս ենք ասելու, որ աթոռին նստած վարչապետը ժողովրդի կողմից մանդատ չունի, որ հայ ժողովրդին չի ներկայացնում, որ նրա ցանկացած պայմանավորվածություն ոչինչ է եւ նա լեգիտիմ չէ»,- ասաց նախկին ԱԽ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Իսկ առավոտյան շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթ էին սկսել դեպի Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի սատարեն 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած ծնողների հարազատներին, որոնք ԲԴԽ–ի դիմաց բողոքի ակցիա են անում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։