ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային տանկեր եւ մարտական ինքնաթիռներ չմատակարարելու ներքին պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին հայտնում են գերմանական DPA գործակալությունը եւ Die Zeit թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Գերմանական լրատվամիջոցների զրուցակիցները նշել են, որ ՆԱՏՕ-ի երկրները, չնայած Ուկրաինային աջակցությանը, ձգտում են կանխել Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ առճակատումը եւ այդ պատճառով հրաժարվում են Կիեւին որոշակի տեսակի սպառազինություն մատակարարել։

Պայմանավորվածությունները չեն ձեւակերպվել եւ ՆԱՏՕ-ի երկրներին գործողությունների որոշակի ազատություն են տալիս, սակայն, ինչպես տեղեկացվում է, Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային «ՄիԳ-29» կործանիչներ, իսկ այլ երկրներ, մասնավորապես՝ Գերմանիան, ծանր զրահատեխնիկա մատակարարել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Լեհաստանն ու Չեխիան, ռուսական ներխուժումից հետո զրահատեխնիկա են ուղարկել Ուկրաինա, սակայն խոսքը խորհրդային մոդելների մասին է։ Արեւմտյան արտադրության տանկեր եւ մարտական մեքենաներ Ուկրաինա չեն մատակարարվել։

«Մտավախություն կա, օրինակ, որ Ռուսաստանը կարող է արեւմտյան մարտական տանկերի եւ մարտական ինքնաթիռների մատակարարումը պաշտոնապես որպես պատերազմի մեջ մտնել դիտարկել, իսկ հետո ռազմական պատասխան միջոցներ ձեռնարկել»,- գրում է DPA-ն։