Ռուսաստանի Դաշնությունը տարածքային պահանջներ չունի հարեւան պետություններից որեւէ մեկի նկատմամբ եւ հետեւողականորեն տանում է պետական սահմանի միջազգային-իրավական ձեւակերպման գործընթացն առանց կոնֆլիկտների ավարտելու գործը՝ միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքների եւ նորմերի հիման վրա։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ Սահմանային ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովը։

Նրա խոսքով, Ռուսաստանի պետական սահմանի միջազգային-իրավական ձեւակերպման աշխատանքները դեռ չեն ավարտվել հինգ պետությունների՝ Ուկրաինայի, Հարավային Օսիայի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ ԱՄՆ-ի հետ։

Մասնավորապես, 2014 թվականից ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանային համագործակցության դադարեցման պատճառով կասեցվել է ռուս-ուկրաինական հատվածի սահմանազատումը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պետական սահմանը Ղրիմի թերակղզու շրջանում չի ձեւակերպվել։ Այն որոշվում է Ռուսաստանի Դաշնության կազմում Ղրիմի Հանրապետությանը եւ Սեւաստոպոլին ընդունելու մասին դաշնային օրենսդրության հիման վրա:

Չկարգավորված են մնում Բերինգի նեղուցում ԱՄՆ-ի հետ ծովային ավազանների սահմանազատման հարցերը։ Պետական սահմանի գծման աշխատանքները տեղերում այլ գործընկերների հետ շարունակվում են պլանային կարգով։

Էստոնիայի, Վրաստանի եւ Ճապոնիայի հետ պետական սահմանը ամրագրված չէ միջազգային պայմանագրերով, ինչը հիմնականում պայմանավորված է սահմանների անցման ճանաչման հարցում վերոնշյալ հարեւան պետությունների ապակառուցողական դիրքորոշման պահպանմամբ։

Այսպես, Էստոնիայի իշխանությունները, խախտելով պետական սահմանի անցման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, սահմանային պայմանագիրը վավերացնելիս միակողմանիորեն լրացուցիչ պայմաններ են մտցրել, ինչը կեղծ ենթատեքստ եւ դժվարություններ է ստեղծել դրա դրույթների մեկնաբանման համար։ Այդ կապակցությամբ 2005 թվականի սեպտեմբերին հետ է կանչվել այդ պայմանագրի տակ Ռուսաստանի Դաշնության ստորագրությունը:

Վրաստանի հետ պետական սահմանի սահմանազատումն ավարտվել է 91 տոկոսով։ Սակայն 2008 թվականից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման պատճառով այդ աշխատանքները դադարեցվել են։

Ճապոնիայի իշխանությունները պաշտոնական տարածքային պահանջներ են ներկայացնում Ռուսաստանի Դաշնությանը հարավային Կուրիլյան կղզիների հանդեպ, որոնց անցումը ԽՍՀՄ իրավասության տակ ամրագրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով միջազգային-իրավական պայմանագրերով: