ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ձգտումը ԱՄՆ զորքերի լրացուցիչ տեղակայում չի պահանջի այս երկրներից ոչ մեկում։ Այս մասին սենատորներին ասել է գեներալ Քրիստոֆեր Կավոլին, որն առաջադրվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում, հայտնում է AP-ն։

Նրա խոսքով՝ ամերիկյան զորքերի զորավարժությունները եւ պարբերաբար ռոտացիաներն, ամենայն հավանականությամբ, կավելանան։ Նա նշել է, որ զինվորականների մեծ ուշադրությունը, հավանաբար, կշարունակի լինել Արեւելյան Եվրոպայի վրա։ «ՆԱՏՕ-ի ուժերի ծանրության կենտրոնը տեղափոխվել է արեւելք»,- ասել է Կավոլին՝ Սենատի Զինված ուժերի հանձնաժողովում իր թեկնածության շուրջ լսումների ժամանակ։

Նա նշել է, որ Եվրոպայում ամերիկյան զորախմբերի ավելացումը կապված չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի ու Շվեդիայի հայտերի հետ։

Կավոլին նշել է, որ ԱՄՆ-ն արդեն ամուր ռազմական կապեր ունի երկու երկրների հետ, եւ որ լրացուցիչ զորավարժություններն ու այլ միջոցառումները, հավանաբար, կավելանան։

«Չի կարելի խուսափել ակտիվությունից՝ ուժեղ մնալու եւ մեր առաջնահերթությունները սահմանելու համար»,- ասել է նա, բայց ԱՄՆ-ը նույնպես պետք է զգույշ լինի, որպեսզի «պահպանի ժամկետները եւ խնդիր չստեղծի այնտեղ, որտեղ այն չի եղել»:

Հանձնաժողովի անդամներն իրենց աջակցությունն են հայտնել նրա թեկնածությանը, որը, ինչպես սպասվում է, հեշտությամբ կհաստատվի Սենատի կողմից։

Կավոլին Ռուսաստանում աշխատանքի մեծ փորձ ունի։ Նա որպես սպա ծառայել է արտերկրում՝ կենտրոնանալով Եվրասիայի վրա, ժամանակ է անցկացրել Ռուսաստանում եւ տիրապետում է ռուսերենին, իտալերեին ու ֆրանսերենին: Նա նաեւ Ռուսաստանի գծով տնօրեն է եղել Միացյալ շտաբում: