Արեւմտյան դաշնակիցները դիտարկում են «պատժամիջոցներից փողով ազատվելը ռուս օլիգարխներին» թույլ տալու եւ այդ գումարը Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու հնարավորությունը», գրում է AP-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։

Կանադայի փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդն այս գաղափարն առաջարկել է անցյալ շաբաթ՝ Գերմանիայում G-7-ի ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ:

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Ֆրիլանդը հարցը բարձրացրել է այն բանից հետո, երբ «օլիգարխները նրա հետ խոսել են այդ մասին»։ Կանադացի նախարարը ծանոթացել է որոշ «ռուս օլիգարխների» հետ, երբ Մոսկվայում լրագրող է աշխատել։

Պաշտոնյան ասել է, որ ուկրաինացիները տեղյակ են եղել քննարկումներից։ Նա ասել է, թե Արեւմուտքի շահերից է բխում նաեւ, որ ռուս ականավոր ձեռնարկատերերը կտրվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից եւ միեւնույն ժամանակ ֆինանսավորմամբ ապահովեն Ուկրաինային։

Առաջարկն արվել է Ուկրաինային լրացուցիչ գումար տրամադրելու եւ այն համատեքստում, թե ինչպես սառեցված միջոցներն ու ռուսական ակտիվները կարող են ֆինանսական միջոցների աղբյուր լինել։

Պաշտոնյան ասել է, որ այսօրվա դրությամբ դա պարզապես գաղափար է, սակայն արեւմտյան դաշնակիցները հետաքրքրություն են ցուցաբերել: Եվրամիության պաշտոնյաները խոսել են ակտիվները բռնագրավելու եւ Ուկրաինային գումար տրամադրելու նոր ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին։

Առաջարկը կարող է օգնել վերացնել օրինական իրավաբանական խոչընդոտներն այնպիսի երկրների իշխանությունների համար, ինչպիսիք են Գերմանիան, որտեղ սառեցված ակտիվների առգրավման արգելքը շատ բարձր է: