G7-ի երկրները ածխային էներգիայից աստիճանաբար հրաժարվելու եւ վերականգնվող էներգիայի արտադրությունն ընդլայնելու կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել, հայտնել է Գերմանիայի շրջակա միջավայրի նախարար Շտեֆֆի Լեմկեն, փոխանցում է Reuters-ը։

Այս խոստումը կլինի G7-ի առաջին պարտավորությունը՝ աստիճանաբար ածխային էներգետիկայից հրաժարվելու համար, որի օգտագործումը պետք է կրճատվի, եթե աշխարհը ցանկանում է խուսափել կլիմայի փոփոխության վատթարագույն հետեւանքներից:

«Կան էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումն ընդլայնելու, օրինակ, ածուխից աստիճանաբար հրաժավելու մասին շատ կոնկրետ հայտարարություններ եւ համաձայնագրեր»,- ասել է Լեմկեն:

Նրա խոսքով՝ Բեռլինում G7-ի եռօրյա հանդիպման վերջնական կոմյունիկեն շեշտադրում կանի նաեւ կենսաբազմազանության պաշտպանության եւ պլաստիկ աղտոտման դեմ պայքարի վրա: