Եվրամիությունը Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցման դեպքում գազի մատակարարումների նորմավորման պլաններ է մշակում:

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնն ասել է, որ տարածաշրջանը ցանկանում է հնարավորինս շատ գազ կուտակել եւ կարող է փոխարինել Ռուսաստանի մատակարարումների մեծ մասն այս տարի, բայց պետք է ավելին անի մատակարարումների «ամբողջական դադարեցման» դեպքում:

Ըստ Financial Times-ի, մշակվող պլանները արդյունաբերության համար գազի նորմավորում կներառեն: Ռուսաստանն արդեն դադարեցրել է մատակարարումները Լեհաստան, Բուլղարիա եւ Ֆինլանդիա՝ ռուբլով վճարման պահանջը կատարելուց հրաժարվելու համար։ Սիմսոնը նախազգուշացրել է, որ հաջորդը կարող է լինել ԵՄ «ցանկացած անդամ երկիր»։

ԵՄ-ն հայտարարել է, որ անդամ երկրները կարող են շարունակել ռուսական գազ գնել այնքան ժամանակ, քանի դեռ վճարում են եվրոյով կամ դոլարով եւ ռուբլով հաշիվներ չեն բացում ռուսական բանկերում։

Մինչ պատերազմը ԵՄ-ն գազի մատակարարումների 40 տոկոսը ստանում էր Ռուսաստանից։ Անցյալ շաբաթ այն հրապարակել էր մինչեւ 2027 թ. ռուսական էներգակիրներից հրաժարման 210 միլիարդ եվրոյի ծրագիրը: