Ադրբեջանի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն բողոքարկում է Human Rights Watch-ի գոյություն չունեցող զեկույցը՝ Հայաստանին հրեշավոր մեղադրանք ներկայացնելու համար։

Ինչպես հաղորդում է АПА-ն, Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում Մոլլազադեն հայտարարել է հետեւյալը. «1994 թվականին Human Rights Watch-ի տարածած զեկույցում ասվում է, որ Հայաստանում գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողները մահացել են օրգանների հեռացման պատճառով»:

Այնուհետեւ նա հայտնել է, որ «կազմակերպությունն արդեն հեռացրել է այս զեկույցը համացանցից»։ «Նշված կազմակերպությունն այս զեկույցը հրապարակել է 1994 թվականին։ Սակայն ներկայումս զեկույցը բացակայում է, այն չկա նաեւ կազմակերպության կայքում: Մենք պետք է շարունակենք այս ռազմական հանցագործությունների լուրջ հետաքննությունը։ Ադրբեջանի իրավապահ մարմինները պետք է նորից բարձրացնեն այս հարցը, իսկ պատերազմական հանցագործություններ կատարած հայ դահիճները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Նմանատիպ մեղադրանքների անպատասխանատվությունը նորություն չէ ադրբեջանցի պաշտոնյաների համար։ Իրենց հակահայկական խաղերի մեջ ներքաշելու փորձերը նույնպես նորություն չեն։ Հուսով ենք, որ Human Rights Watch-ը պատշաճ կերպով կարձագանքի այս հայտարարությանը, քանի որ ըստ ադրբեջանցի պատգամավորի ստացվում է, որ այս հեղինակավոր կազմակերպությունը գրեթե «քողարկում է հայերի հանցագործությունները»։