Թուրքիան ակնկալում է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան «կոնկրետ գործողություններ» կձեռնարկեն եւ կդադարեցնեն այն, ինչ նա անվանում է «աջակցություն ահաբեկչական խմբավորումներին», որպեսզի Անկարան հրաժարվի ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության դեմ իր ելույթներից: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Անցած շաբաթ Ֆինլանդիան եւ Շվեդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել։ Սակայն Թուրքիան այդ քայլի դեմ է հանդես եկել՝ երկրներին մեղադրելով Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ կապված մարդկանց եւ Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդներին ապաստանելու մեջ, ում Անկարան մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրները պետք է իրենց համաձայնությունը տան նոր անդամի ընդունման համար։

«Թուրքիայի մտահոգություններին ի պատասխան պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն»,- մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։ «Նրանք պետք է կրճատեն ահաբեկչությանն աջակցությունը»:

Չորեքշաբթի օրը երկու երկրների պատվիրակություններն այցելել են Անկարա՝ թուրք պաշտոնյաների հետ բանակցությունների համար։

Նախագահ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղարն ավելի ուշ ասել է, որ Անկարան զենքի էմբարգոն վերացնելու դրական ազդանշաններ է ստացել։ Դրանից հետո Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդը Twitter-ում հայտարարել է, որ երկխոսությունը կառուցողական է եղել։

Շվեդիան եւ Ֆինլանդիան Սիրիա ներխուժելուց հետո արգելել էին զենքի արտահանումը Թուրքիա։