Եվրասիական տնտեսական միության երկրները պարզապես պարտավոր են միավորվել եւ գործել միասնական ճակատով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

«Մեր նիստն ընթանում է աշխարհաքաղաքական եւ տնտեսական բարդ պայմաններում։ Մեզ հաջողվեց կասեցնել արժութային եւ ֆինանսական շուկայում առկա խնդիրները։ Սակայն պատժամիջոցների ճնշումը ոչ թե թուլանում, այլ, հակառակը, սաստկանում է»։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով տնտեսության գլոբալ բնույթը եւ այն, որ Ռուսաստանը եւ Բելառուսը ԵԱՏՄ երկրների համար ամենամեծ առեւտրատնտեսական գործընկերներն են, պատժամիջոցների հետեւանքներն այս կամ այն ​​չափով կազդեն միության բոլոր անդամների վրա։ «Ուստի չի կարելի ձեռքերը ծալած նստել։ Նորից ասում եմ սա նրանց, ով կարծում է, որ ամեն ինչ ինքնըստինքյան կանցնի։ Մենք պարզապես պետք է համախմբվենք եւ որպես միասնական ճակատ գործենք։ Ակնհայտ է, որ դա բոլորին է պետք եւ այլ տարբերակ չկա, եթե մենք ուզում ենք պահպանել մեր պետականությունը, մեր միությունը եւ իսկապես մտածել մեր ժողովուրդների բարօրության մասին»:

«Կարծում եմ, որ մենք պետք է շտապ միջոցներ ձեռնարկենք լոգիստիկայի վերաֆորմատացման համար։ Զգալի հետաքրքրություն է ներկայացնում հանձնաժողովի՝ «Եվրասիական Ագրոէքսպրես» նախագծի իրականացման նախաձեռնությունը: Այն նախատեսված է երկաթուղով գյուղատնտեսական ապրանքների կանոնավոր, անխոչընդոտ առաքումների ապահովման համար, այդ թվում՝ Չինաստանի հետ»։