Եվրասիական տնտեսական միությունում կարեւոր է մեխանիզմների մշակումը, որը թույլ կտա նվազագույնի հասցնելու համաշխարհային տնտեսության ռիսկերն ու մարտահրավերները, որոնք վերջին ամիսներին աննախադեպ մասշտաբ ու խորություն են ձեռք բերել։ Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, նպատակահարմար է մտածել պիլոտային նախագծերի եւ համատեղ միջոցառումների մշակման մասին՝ ուղղված առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը եւ կոպերատիվ փոխգործակցության ավելացմանը։

Նա նաեւ նշել է երրորդ երկրների հետ հարաբերությունների կառուցման կարեւորությունը։ «Կարեւոր եմ համարում ուշադրություն հրավիրել Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ լիիրավ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հարցում Հայաստանի շահագրգռվածության վրա։ Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործողության փորձը հստակ ցույց է տալիս իրանական շուկայի գրավչությունը եւ համագործակցության հետագա խորացման հեռանկարները... Մենք նաեւ ցանկանում ենք բանակցություններ սկսել Միության եւ Ինդոնեզիայի միջեւ համաձայնագրի կնքման շուրջ»։

Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ-ի ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից անցել է 8 տարի, սակայն ասոցացումը շատ հեռանկարային է եւ գրավիչ այլ երկրների համար։ «Դրա մասին է վկայում «Զարգացման ռազմավարություն-2025»-ը: Մենք պետք է նախանշենք մեր Միության զարգացման առաջնահերթությունները ապագայի համար: Մենք պետք է ուսումնասիրենք համագործակցության նոր ուղղություններ եւ ոլորտներ։ Որպես ադապտացիայի գործիք՝ մենք մեծ նշանակություն ենք տալիս հետեւողական մակրոտնտեսական քաղաքականության հետեւողական թուլացմանը, որտեղ սահմանված են առավել կարեւոր խնդիրները։ Մենք անհրաժեշտ ենք համարում շարունակել մակրոտնտեսական կայունության պահպանմանն ուղղված աշխատանքները»։