Այսօր՝ մայիսի 27-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Փամբուխչյանը զրուցել է խորհրդի անդամների հետ, լսել՝ մտահոգություններն ու առաջարկները: Կարևորելով հասարակական կազմակերպության դերն ու նշանակությունը՝ ընդգծել է կառույցի տարբեր ծառայությունների կայացման գործում վետերանների ունեցած ավանդը:

Վետերաններն էլ իրենց հերթին կիսվել են երկար տարիների աշխատանքային փորձով, հանդես եկել առաջարկություններով:

ԱԻՆ վետերանների խումբն ուսումնասիրելով և վերլուծելով վերջին տարիներին հրշեջ-փրկարարական անձնակազմի և ստորաբաժանումների գործողությունները դեպքի վայրում՝ առաջարկել է կազմավորել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների շտաբ և անցնել շուրջօրյա հերթափոխային ծառայության:

Վետերանները պարտավորվել են կարճ ժամանակահատվածում գրավոր ներկայացնել հիմնավորված առաջարկություններ:

Նախարար Փամբուխչյանն՝ ամփոփելով վետերանների հետ հանդիպումը, հավաստիացրել է, որ բոլոր առաջարկները մանրամասն կուսումնասիրվեն և հնարավոր ուղղություններով կկիրառվեն գործնականում:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը և գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը: