ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Հեղինակային իրավունքի առանձին իրավատերերի նկատմամբ պարտավորությունների կատարման ժամանակավոր ընթացակարգի մասին», հայտնում է «Ինտերֆաքսը»։

Հրամանագիրն ընդունվել է ի լրումն այն միջոցառումներին, որոնք նախատեսված են «ԱՄՆ-ի եւ դրան միացած օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների անբարյացակամ գործողությունների կապակցությամբ հատուկ տնտեսական միջոցների կիրառման մասին», «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական կայունության ապահովման լրացուցիչ ժամանակավոր տնտեսական միջոցառումների մասին» եւ «Օտարերկրյա որոշակի վարկատուների նկատմամբ պարտավորությունների կատարման ժամանակավոր ընթացակարգի մասին» հրամանագրերով:

Հրամանագրով Ռուսաստանի, ՌԴ սուբյեկտների, մունիցիպալ կազմավորումների եւ ռեզիդենտների (պարտապանների) կողմից ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակավոր ընթացակարգ է սահմանվում, որոնք կապված են ՌԴ նկատմամբ անբարյացակամ գործողություններում ներգրավված իրավատերերի մտավոր գործունեության արդյունքների օգտագործման հետ:

Հրամանագիրը հեղինակային իրավունքի սեփականատերերի ցանկ է սահմանում, որոնց նկատմամբ ժամանակավոր կանոններ կկիրառվեն, որոնց համաձայն պարտապանը հեղինակային իրավունքների պաշտպանության հետ կապված վարձատրություն կվճարի, ինչպես նաեւ՝ այլ վճարումներ, այդ թվում՝ տույժերը, բացված «Օ» տեսակի ռուբլով հատուկ հաշվին, որը բացվել է պարտապանը լիազորված բանկում հեղինակային իրավունքի իրավատիրոջ անունով:

Լիազորված բանկը կամ մի քանի լիազորված բանկ կընտրվեն ուսաստանի Դաշնության կառավարության կողմից: Հատուկ հաշվի ռեժիմը, այդ թվում՝ դրանով վճարումներ կատարելու եւ դրանից միջոցների դեբետավորման առանձնահատկությունները, կսահմանվեն Ռուսաստանի Կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի որոշմամբ: Հաշիվը կգործի միայն ռուբլով:

Ինչպես նշված է հրամանագրում, նման հաշիվ բացելու համար իրավատիրոջ համաձայնություն չի պահանջվում, ընդ որում, պարտապանի կողմից նման հաշվից դուրս պարտավորությունների կատարում չի թույլատրվում։

Հրամանագրի դրույթները չեն տարածվում Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծելու կամ դրա տարածքում դեղերի, բժշկական սարքերի, արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքների, սննդամթերքի արտադրության համար անհրաժեշտ մտավոր գործունեության արդյունքների օգտագործման իրավունքի պայմանագրերի վրա: Այն չի տարածվում նաեւ կապի ծառայությունների մատուցման պայմանագրերի վրա, այդ թվում՝ ինտերնետի միջոցով տվյալների փոխանցման եւ երթեւեկության անցագրերի ծառայությունների: Հրամանագրի դրույթները չեն տարածվում Ռուսաստանի Դաշնության տարածքում էլեկտրոնային համակարգիչների, տվյալների բազաների, տեղեկատվական համակարգերի եւ տվյալների մշակման կենտրոնների համար ծրագրերի ստեղծման կամ օգտագործման նպատակով կնքված պայմանագրերի վրա: «Օ» հատուկ հաշվի ռեժիմի կիրառման վերաբերյալ պարզաբանումներ կտա ՌԴ Կենտրոնական բանկը, այդ հաշիվները բացելու համար լիազորված բանկերին պետք է ընտրի կառավարությունը տասնօրյա ժամկետում: