Արցախի դպրոցներում այսօր Վերջին զանգ է, շուրջ 1000 շրջանավարտներ ավարտում են դպրոցը և ոտք դնում փորձություններով, վերելքներով և վայրէջքներով լի մեծ կյանք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ և մաղթում հետագա հաջողություններ։ Երբեք ու երբեք գերի չդառնաք ձեր կարողությունները կասկածի տակ դնող հանրային կարծրատիպերին, հետայսու ամեն օր բացահայտեք ձեր մարդկային պոտենցիալը և շարժվեք այն կատարելագործելու ճանապարհով։ Այն, որ այդ պոտենցիալը շատ մեծ է ու կարող, կասկած չունեմ։

Ձեր ապագայի համար առաջին հերթին պատասխանատու եք ինքներդ՝ պրպտող մտքով, ներդրված ջանքերով, նախաձեռնողականությամբ, համառությամբ, նպատակներն իրագործելու համարձակությամբ և հանձնառությամբ։

Գնացե՛ք ձեր իղձերի հետևից, դրանք անպայման իրականանալու են»։