Նյու Յորք նահանգում 800 միայնակ տարեց մարդիկ ռոբոտ-ուղեկիցներ կստանան։ Ֆունկցիոնալ առումով դրանք նման են ձայնային օգնականներին՝ Siri-ին կամ Ալիսային։ Նրանք կզրուցեն տերերի հետ, կհիշեցնեն նրանց դեղերն ընդունելու մասին եւ կօգնեն կապ հաստատել հարազատների հետ: Այսպես իշխանությունները պայքարում են ԱՄՆ-ում «մենակության համաճարակի» դեմ, գրում է The Verge-ն։

65 տարեկանից բարձր մոտ 14 միլիոն ամերիկացիներ միայնակ են ապրում:

Ռոբոտ-ուղեկիցը կոչվում է ElliQ, նրան մշակել է իսրայելական Intuition Robotics ընկերությունը։ Սարքը բաղկացած է երկու տարրերից՝ լամպի նմանվող պտտվող «դեմքից»՝ միկրոֆոնով եւ բարձրախոսներով, ինչպես նաեւ սենսորային էկրանով պլանշետից։

Intuition Robotics-ը նշում է, որ ElliQ-ը կարող է կարեկցել եւ հարաբերություններ հաստատել տիրոջ հետ: Ռոբոտը հիշում է մարդու կյանքի մանրամասները եւ ընդօրինակում նրա բնավորությունը։ Օրինակ, ElliQ-ը շատ կատակներ կանի, եթե տերը հաճախ է ծիծաղում։