Ուրբաթ մեղադրող կողմը բողոքարկել է Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի տնային կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը եւ պահանջում է նրան 30 օրով կալանքի տակ դնել՝ Քիշնեւի քրեակատարողական հիմնարկում այդ միջոցառման կիրարկմամբ:

«Հակակոռուպցիոն դատախազությունը հայտնում է, որ մայիսի 27-ին դատախազները դիմել են Քիշնեւի վերաքննիչ դատարան՝ Չյոկանայի շրջանային դատարանի մայիսի 26-ի որոշման դեմ, որի համաձայն նախկին նախագահ Իգոր Դոդոնին 30 օր տնային կալանք է նշանակվել։ Դատախազները պահանջում են նախկին նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց 30-օրյա նախնական կալանք կիրառել Քիշնեւի քրեակատարողական հիմնարկում»,- ասվում է դատախազության կայքում։ Դրա հեղինակները մեղադրյալին քննչական մեկուսարանում կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը պատճառաբանել են նրանով, որ «կա քրեական հետապնդման մարմնից խուսափելու եւ ապացույցները ոչնչացնելու նպատակով քրեական հետաքննությանը միջամտելու, նոր հանցագործություններ կատարելու, անկարգություններ կազմակերպելու վտանգ»։

Երեքշաբթի դատախազները խուզարկել էին Դոդոնի տունը, ինչպես նաեւ՝ այլ հասցեներով։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել պասիվ կոռուպցիայի, հանցավոր կազմակերպության կողմից կուսակցության ֆինանսավորման, հայրենիքի դավաճանության եւ ապօրինի հարստացման հոդվածներով։ Խուզարկությունից հետո նախկին նախագահը 72 ժամով կալանավորվել էր։ Պետության նախկին ղեկավարը հերքում է բոլոր մեղադրանքները եւ դատավարությունը կապում նախագահ Մայա Սանդուի կողմից քաղաքական հետապնդումների հետ։