Հնդկաստանի Գերագույն դատարանը մարմնավաճառությունը որպես մասնագիտություն է ճանաչել, որի կրողը կարող է օգտվել իրավական պաշտպանությունից եւ երկրի սահմանադրությամբ երաշխավորված բոլոր մյուս իրավունքներից, գրում է Asian Age թերթը։

Դրա տվյալներով՝ բարձրագույն դատարանը վճռել է, որ բոլոր նրանք, ովքեր զբաղվում են մարմնավաճառությամբ, եւ նրանց երեխաներն ունեն մարդկային արժանապատվության նույն իրավունքը եւ զարգացման հնարավորությունը, ինչ եւ մյուսները, ինչը երաշխավորված է Հնդկաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածով, որը կյանքի իրավունք է նախատեսում:

«Մարդկային պարկեշտության եւ արժանապատվության պաշտպանությունը տարածվում է նաեւ սեք ոլորտի աշխատողների վրա, ովքեր, կրելով իրենց աշխատանքի հետ կապված սոցիալական անարդարության ամբողջ բեռը, հասարակության լուսանցքում են հայտնվում, զրկվում են արժանապատիվ կյանքի իրավունքից եւ նույն իրավունքն իրենց երեխաներին ապահովելու հնարավորությունից»,- հայտարարել է Գերագույն դատարանը:

Վճիռը, նշում է Asian Age-ը, հիմնականում ուղղված է ոստիկանությանը, որը, ըստ վճռի, պարտավորվում է զերծ մնալ սեքս ոլորտի աշխատողների եւ նրանց երեխաների նկատմամբ դաժանությունից եւ բռնությունից: ԶԼՄ-ները, դատարանի որոշմամբ, պարտավոր են ապահովել այս կատեգորիայի քաղաքացիների գաղտնիությունը եւ չհրապարակել նրանց անուններն ու ազգանունները:

Հնդկաստանում մարմնավաճառությունն օրինական է: Փորձագետների տվյալներով՝ այժմ Հնդկաստանում սեքս ինդուստրիայում մոտ 2 միլիոն կին է աշխատում: