Եթե ​​մենք չփոխենք օրենսդրությունը, որը շատ բարդ է, անհասկանալի եւ պատճենված է Նյու Յորքի ֆոնդային բորսայից, էական ոչինչ չի փոխվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը՝ մեկնաբանելով Հայաստանի ֆոնդային բորսայի 65,03 տոկոս բաժնետոմսերի վաճառքը Վարշավայի ֆոնդային բորսային։

«Մեր բորսայում հիմնականում վաճառվում են պարտատոմսեր, իսկ մեծ հաշվով բաժնետոմսերի վաճառք եւ կապիտալի տեղի չի ունենում։ Եթե ​​մենք չփոխենք օրենսդրությունը, որը շատ բարդ է, անհասկանալի եւ պատճենված է Նյու Յորքի ֆոնդային բորսայից, էական ոչինչ չի փոխվի։

Կապ չունի, թե ով է սեփականատերը եւ ինչպես է այն փոխվում, բորսայի ինստիտուտը Հայաստանում չի գործում։ Դա պարզապես պարտատոմսերի վաճառք է: Սա, ըստ էության, պարտքի վաճառքի շուկա է։

Բանկերը դրսից փող են բերում, պարտատոմսեր են տպում, ընկերություններին միջոցներ են տալիս, բայց սա կապիտալի փոփոխություն չէ. ուղղակի պարտք ես վերցնում: Կառավարությունը վաճառում է իր պարտատոմսերը, իսկ բանկերը գնում են դրանք։ Սա այն ամենն է, ինչ կատարվում է հայկական բորսայում։ 

Եթե ​​պայմանները դյուրացվեն բաժնետիրական ընկերությունների ստեղծման համար, բարեփոխումներ իրականացվեն կորպորատիվ օրենսդրության մեջ, ապա միայն դրանից հետո բորսան կդառնա տնտեսության կարեւոր մաս եւ կկատարի կապիտալ ներգրավելու եւ այն բաշխելու գործառույթ»,-ասաց փորձագետը։ 

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանն ու Լեհաստանը նախաստորագրել են Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր։