Այսօր վաղ առավոտյան ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Սասնա Ծռեր խմբի անդամներ՝ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը և Պավել Մանուկյանը։

Այս առանչությամբ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց վերաբերյալ դատարանը կայացրել էր ազատազրկման դատավճիռ, որը բողոքարկվել էր վճռաբեկ դատարան, պարզ է դառնում, որ ներկայացված բողոքները վարույթ չեն ընդունվել (որի մասին որոշումները որևէ մեկը չի ստացել) և դատավճիռը ուղարկվել է կատարման։

Սույն գործողության՝ մայիսի 28-ին իրականացնելը ամենեւին պատահականության արդյունք չէ. Սա Հայաստանի գործող վարչախմբի հստակ կրեմլահաճո ուղերձն է իր՝ պատերազմական հանցագործ համարվող մոսկովյան տերերին, առ այն, որ Հայաստանում նույնպես սկսված է «դենացիֆիկացման» գործողությունը, այսինքն իրապես ազգային, ինքնիշխան ուժերի չեզոքացումը:

Ազգային-ժողովրդավարական բեւեռը հավաստիացնում է մեր հայրենակիցներին, որ նման քայլերը նախկինում էլ  չեն ազդել, առավել եւս հիմա էլ ( երբ ակնհայտ է կայսերական ֆանտոմային ցավերով ապրող ռուսական գաղութատեր ռեժիմի մոտալուտ վախճանը)  չեն ազդելու անկասելի պատմական օբյեկտիվ օրինաչափություն հանդիսացող Հայաստանի ապագաղութացման գործընթացի վերջնական արդյունքի վրա: Այն է՝ Հայաստանի առաջին հանրապետության իրական ինքնիշխանության վերականգնումը:

Կեցցե՜ մայիսի 28-ը, Հայաստանի հանրապետության իրական անկախության օրը: