ԱՄՆ-ի բնակիչն Արեւմտյան Վիրջինիա նահանգի Չարլսթոն քաղաքում կրակել է տղամարդու վրա, ով կիսաավտոմատ հրացանով կրակ էր բացել մարդկանց ամբոխի վրա, հայտնում է BBC-ն։

Քրեական անցյալ ունեցող 37-ամյա Դենիս Բաթլերը սպանվել է ծննդյան խնջույքին մասնակցող մոտ 40 հոգանոց խմբի վրա հարձակումից հետո:

Ոստիկանության ներկայացուցիչ Թոնի Հեյզլեթն ասել է, որ կնոջ արագ արձագանքը կյանքեր է փրկել եւ գուցե զանգվածային հրաձգություն է կանխել:
Բաթլերն ավտոմեքենայով անցնում էր թաղամասի կողքով, երբ նրան նախազգուշացրին դանդաղեցնել արագությունը, քանի որ այնտեղ երեխաներ են խաղում: Նա վերադարձել է զինված AR-15 ինքնաձիգով եւ իր ավտոմեքենայից կրակ է բացել քաղաքի բազմաբնակարան համալիրի մոտ ծննդյան խնջույքին հավաքվածների ուղղությամբ:

Հեյզլեթը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ պատասխան կրակ արձակած կինը իրավապահ ոլորտում փորձ չունի։ 

Կինը կրակոցից հետո մնացել է դեպքի վայրում եւ համագործակցում է քննիչների հետ։ Նրան մեղադրանք չի առաջադրվի, հավելել են ոստիկանությունից։
Ոստիկանության փոխանցմամբ՝ Բաթլերը մահացած էր գտնվել դեպքի վայրում բազմաթիվ հրազենային վնասվածքներից։

Հեյզլեթը հավելել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես է Բաթլերը ձեռք բերել զենքը. նա, որպես դատապարտված հանցագործ, զենք կրելու օրինական իրավունք չուներ: