ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շարունակելով այս ձեւաչափով շփումները՝ մտքերի խորը փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի արդիական կողմերի վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է ընթացող հատուկ ռազմական օպերացիայի համատեքստում վերջին զարգացումների մասին՝ նշելով, որ ՌԴ զինված ուժերը խստորեն պահպանում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Հայտնել է, թե ինչպես է համակարգված աշխատանք կազմակերպվել  Մարիուպոլում եւ Դոնբասի ազատագրված այլ քաղաքներում խաղաղ կյանքի հաստատման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին Կիեւի մեղքով սառեցված բանակցային ուղու վրա,- նշել են Կրեմլում։- Վլադիմիր Պուտինը հաստատել է ռուսական կողմի բաց լինելը երկխոսության վերսկսման համար»:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «Ռուսաստանի նախագահը նաեւ սրել է Ուկրաինայի՝ արեւմտյան զենքով ապահովման վտանգավոր բնույթի հարցը՝ նախազգուշացնելով այդ կապակցությամբ իրավիճակի հետագա ապակայունացման եւ հումանիտար ճգնաժամի սրման ռիսկերի մասին»։

Նշվում է, որ «մանրամասն քննարկվել է իրավիճակը համաշխարհային պարենային անվտանգության ապահովման ոլորտում»։

«Վլադիմիր Պուտինը ողջամտորեն եւ կոնկրետ տվյալների հիման վրա պարզաբանել է սննդի մատակարարման հետ կապված դժվարությունների իրական պատճառները, որոնք արեւմտյան երկրների տնտեսական եւ ֆինանսական սխալ քաղաքականության, ինչպես նաեւ նրանց կողմից կիրառված հակառուսական պատժամիջոցների արդյունք են։ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է օգնել հացահատիկի անարգել արտահանման տարբերակներ գտնել, այդ թվում՝ ուկրաինական հացահատիկի արտահանումը սեւծովյան նավահանգիստներից»,- հայտնել են մամուլի ծառայությունում։

Կրեմլում ընդգծել են, որ «ռուսական պարարտանյութերի եւ գյուղմթերքների մատակարարման ավելացումը կօգնի նաեւ նվազեցնել լարվածությունը պարենի համաշխարհային շուկայում, ինչը, իհարկե, համապատասխան պատժամիջոցների սահմանափակումների վերացում կպահանջի»:
Մամուլի ծառայությունում հայտնել է, որ երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները։