Tesla ընկերության տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերությունը մեքենաներ չի արտադրի Հնդկաստանում, եթե երկիրը թույլ չտա իրեն վաճառել եւ սպասարկել իր էլեկտրամեքենաները:

Երբ Twitter-ի օգտատերերից մեկն ուրբաթ հարցրել է, թե արդյոք Tesla-ն հետագայում գործարան կկառուցի Հնդկաստանում, Մասկը պատասխանել է, որ դա անհնար է երկրում ներկա պահին գործող կանոններով:

«Tesla-ն արտադրական գործարան չի տեղակայի ոչ մի տեղ, որտեղ մեզ թույլ չի տրվում վաճառել եւ սպասարկել մեքենաները», - պատասխանել է Մասկը:

Մասկի այս մեկնաբանությունը հայտնվել է այն պահին, երբ Հնդկաստանի կառավարությունը դեռեւս չի ընդունել նրա պահանջը Tesla-ի մեքենաների ներկրման մաքսատուրքերը նվազեցնելու մասին:

Հնդկաստանի առաջնորդները բազմիցս ապարդյուն փորձեր են արել՝ համոզելու Մասկին ավտոմեքենաներ արտադրել Հնդկաստանում:

Հունվարին Մասկը հայտարարել էր, որ չի կարող մեքենաներ արտադրել Հնդկաստանում՝ «կառավարության հետ առկա խնդիրների պատճառով»:  

Ներկա պահին Հնդկաստանը 100 տոկոսանոց հարկ է գանձում ավելի քան 40 000 դոլար արժողությամբ ներկրվող ավտոմեքենաների համար, ներառյալ ապահովագրությունն ու ծախսերը: