Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանն ու Աթենքը մշտապես պահպանել են վաղեմի կապերը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, որոնց չպետք է խանգարեն երրորդ կողմի հրամանով արվող անհեռատես, սխալ հաշվարկները, փոխանցում է Mehr-ը:

«Մեր կապերին չպետք է խանգարեն խորապես անհեռատես ու սխալ հաշվարկները, այդ թվում՝ մայրուղու վրա տեղի ունեցած կողոպուտը՝ երրորդ կողմի հրամանով»,- Twitter-ում գրել է Խաթբզադեն՝ նկատի ունենալով ԱՄՆ-ին:

Նա հավելել է, որ Իրանի վաղեմի հարաբերությունները Հունաստանի եւ նրա ժողովրդի հետ միշտ հիմնված են եղել փոխադարձ հարգանքի վրա:  

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ հաստատել է, որ հունական երկու գրավված լցանավերի անձնակազմի անդամները «գտնվում են անվտանգության մեջ»:

Իրանի նավահանգստային եւ ծովային կազմակերպությունը շաբաթ հայտարարել է, որ Պարսից ծոցում Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» կողմից կանգնեցված երկու հունական նավթային լցանավերի անձնակազմերը ձերբակալված չեն, գտնվում են նավում եւ լավ վիճակում են գտնվում:

Հաղորդվում է, որ երկու լցանավերը կանգնեցվել են ծովային նավարկության կանոնների խախտումների պատճառով եւ ընդգծել է, որ այդ հարցը հետաքննվում է փաստաթղթերի եւ ապացույցների հիման վրա:  

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ երկու հունական նավթային լցանավ են կանգնեցրել Պարսից ծոցում խախտումների պատճառով: Դրանից օրեր առաջ Հունաստանի կողմից իրանական լցանավ էր կանգնեցվել երկրի տրածքային ջրերում, իսկ լցանավով տեղափոխվող նավթն ուղղվել է ԱՄՆ: