Այսօր կոլումբիացիները ընտրատեղամասեր են ժամանում՝ մասնակցելու նախագահական ընտրությունների, որոնց արդյունքներով երկրի պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկին կարող են հայտնվել ձախական ուժերի առաջնորդը եւ առաջին սեւամորթ փոխնախագահը, գրում է The Guardian-ը:

Գուստավո Պետրոն, որը նախկին պարտիզան եւ սենատոր է, մի քանի մրցակիցներ ունի, սակայն նրա գլխավոր մրցակիցն է Կոլումբիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մեդելինի նախկին քաղաքապետը Ֆեդերիկո Գուտիերեսը, որը ղեկավարում է իշխող կոալիցիան:

Մեծահարուստ գործարար Ռոդոլֆո Էրնանդեսը նույնպես մեծ ճանաչում ունի՝ հարցումների համաձայն: Եթե թեկնածուներից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չստանա, հունիսին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:

Պետրոն ընտրարշավի ընթացքում արժանացել է երիտասարդ ընտրողների աջակցությանը: Պետրոյի հակառակորդները միեւնույն ժամանակ նշում են, որ նրա հաղթանակը կարող է համազգային խառնաշփոթ առաջացնել, ինչպիսին, որ սկսվել էր Ուգո Չավեսի օրոք, եւ որի պատճառով հարեւան Վենեսուելան հայտնվել է տնտեսական եւ սոցիալական ճգնաժամում: