Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) կիրակի օրը հայտարարել է Եգիպտոսի եւ Հորդանանի հետ համատեղ արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտում ներդրումային նախագծերի համար 10 միլիարդ դոլար հատկացնելու մասին։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Աբու Դաբիում։ ԱՄԷ-ի լրատվական WAM գործակալության փոխանցմամբ՝ պետական ADQ հոլդինգի կողմից հատկացված միջոցները կուղղվեն հատուկ ներդրումային հիմնադրամին։

Եգիպտական MENA գործակալության տվյալներով՝ կողմերը ծրագրում են համատեղ գործընկերություն զարգացնել գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության, դեղագործության, նավթաքիմիայի, ինչպես նաեւ բնական պաշարների արդյունահանման ոլորտներում։ «Ֆոնդը կկառավարվի Աբու Դաբիի հոլդինգային ընկերության կողմից,- լրագրողներին ասել է ԱՄԷ արդյունաբերության եւ առաջադեմ տեխնոլոգիաների նախարար Սուլթան բեն Ահմեդ Ալ Ջաբերը,- Գործընկերությունը նպատակ ունի ԱՄԷ-ի, Եգիպտոսի եւ Հորդանանի միջեւ հասնել կայուն տնտեսական զարգացման եւ կնպաստի երեք երկրների միջեւ արդյունաբերական ինտեգրման աջակցությանը: Հենց արդյունաբերական հատվածն է մեր հավաքական աճի եւ առավելության հիմնական գործոնը»:

Նախարարի խոսքով՝ այս գործընկերության շնորհիվ ԱՄԷ-ն հույս ունի ինտեգրման եւ համագործակցության նոր մոդել գործարկել արաբական տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի եղբայրների հետ։ «Երեք երկրներն ունեն համատեղ առավելություններ, այդ թվում՝ մոտ 765 միլիարդ դոլարի ՀՆԱ եւ 60 միլիոն աշխատանքային ռեսուրս»,- ասել է նա: «Մենք ունենք համաշխարհային կարգի ենթակառուցվածք, ինչպիսին է Սուեզի ջրանցքը, որով անցնում է համաշխարհային ապրանքաշրջանառության մոտ 13 տոկոսը, ինչպես նաեւ ամենամեծ առեւտրային նավահանգիստները՝ Ջեբել Ալին, Խալիֆան եւ Աքաբան»:

ADQ հոլդինգը դարձել է Աբու Դաբիից ներդրումների առաջատար միջոցը՝ կառավարելով մոտավորապես 110 միլիարդ դոլարի ակտիվներ: