Ես չեմ պատրաստվում վերադառնալ խորհրդարան առանց մեր ֆրակցիայի օրակարգի, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի թեմայով։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն դիտարկմանը, թե ընդդիմությունը ուղիներ է փնտրում՝ Ազգային ժողով վերադառնալու համար։

«Ուղիներ փնտրելու մասին կարծիքը չի համապատասխանում իրականությանը։ Այսինքն՝ դա լինի Ալենը, Նիկոլը, թե իրենց մնացած շքախմբի ներկայացուցիչները, իրենք հերթական անգամ ստում են եւ զբաղված են մարդկանց աչքին թոզ փչելով»,- նշեց նա։

Դիտարկմանը, եթե իշխանությունն այդքան հանգիստ է, ապա ինչո՞վ էր պայմանավորված երեկ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ գործադրելը, պատգամավորը արձագանքեց. «Այդ պարագայում ի՞նչ է նշանակում՝ նախարարները փախչում են շենքից, միաժամանակ պատսպարվում են 3-ից 5 շարքով ոստիկաններով։ Ումի՞ց են վախենում իշխանությունները դեմոկրատիոն բաստիոն հայտարարած երկրում։ Նիկոլը 2018-ին հայտարարում էր, որ պետական կառույցների դռները պետք է բաց լինեն քաղաքացիների առաջ, ինչի մասին է խոսքը, եթե երեկ եւ այսօր թույլ չէին տալիս պատգամավորները մտնեին շենք։ Դա ոչ միայն կոպտորեն խախտում է, այլ եւս մեկ անգամ՝ ո՞ւր է հայտարարված դեմոկրատիոն բաստիոնի սկզբունքները»։

Հակոբյանը նշեց, որ ընդդիմությունն Արցախի ճակատագրի առնչությամբ հստակ ձեւակերպված հարց է ուղղում իշխանությանը՝ արդյոք Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, թե՝ ոչ։ Ըստ նրա՝ նպատակն այն է, որ հասարակության լայն շրջանակները հասկանան, թե այսօր Կառավարությունում ում հետ գործ ունեն. «Այսինքն՝ անսկզբունք մարդիկ են, որոնց սկզբունքը միակն է՝ իրենց աթոռը պահելը ցանկացած գնով եւ որի համար պատրաստ են մեր հայրենիքը մաս–մաս վաճառել կամ զիջել»։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանին ԱԺ-ում ուղղված՝ «Արցախը կլինի՞ Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ» հարցին, որին նա չէր պատասխանել, նշելով, որ բանակցային գործընթաց է գնում, Հակոբյանն ասաց. «Դե իր դուխը ո՞նց կհերիքի, որ պատասխանի։ Նա կարող էր իր քաղաքական դիրքորոշումը հայտնել։ Այսինքն՝ ինքը չի՞ բացառում, որ իր պատկերացմամբ, Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Նա ի վերջո Ազգային ժողովի նախագահն է։ Ինչի՞ց է խուսափում Ալեն Սիմոնյանը. իր վախերից, որ հանկարծ Նիկոլն իր վրա չջղայնանա, որ աթոռը չկորցնի»։