Անկարան Հելսինկիից եւ Ստոկհոլմից իրական քայլեր է ակնկալում «ահաբեկչության դեմ պայքարի համար»: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստինի, փոխանցում է Anadolu-ն։

Նա ընդգծել է, որ Անկարան դեմ է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը` սկանդինավյան այդ երկրների կողմից «ահաբեկչական կազմակերպություններին» աջակցության պատճառով։ «Ինչպե՞ս կարող ենք հավանություն տալ ահաբեկչությանն աջակցող պետությունների հայտին»,- հարցրել է Էրդողանը` հիշեցնելով, որ առանց Անկարայի աջակցության Դաշինքի սահմանների ընդլայնման նոր ալիքն անհնար է:

«Մենք բացահայտ հայտարարել ենք, որ դեմ ենք երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը` ՔԱԿ-ի ահաբեկիչներին եւ այդ կազմակերպության հետ կապված կառույցներին աջակցության պատճառով։ Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելությունն անդամ երկրների անվտանգության ապահովումն է։ ՆԱՏՕ-ում ահաբեկչության աջակցության տեղ չկա»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով` Հելսինկիի եւ Ստոկհոլմի` Թուրքիայի հակաահաբեկչական կուրսին աջակցության մասին հայտարարությունները բավարար չեն։ «Իրական գործողություններ են անհրաժեշտ»,- ասել է նա։ Նրա խոսքով` մինչ այսօր Անկարային Ֆինլանդիայից եւ Շվեդիայից «ահաբեկչությանն» աջակցելուց հրաժարվելու մասին ոչ մի գրավոր փաստաթուղթ չի փոխանցվել:

«Երկրները, որոնք հրաժարվել են զենք վաճառել Թուրքիային, ընդ որում, անվճար զինում են ահաբեկիչներին (Սիրիայում): Այդ պրակտիկան չի համապատասխանում օրենքի գերակայությանը։ Դրանք ահաբեկչական պետությունների մեթոդներն են»,- ասել է Էրդողանը։