Հայաստանի պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո ունենալու ենք նոր մոդել, ըստ որի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Բանակի կառավարման որոշակի փոփոխություն է կատարվում, դա հիմնարար փոփոխություն չէ, ամեն դեպքում Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։ Գնում, սպասարկում, ապահովում․ այդ ամենով պետք է զբաղվեն նախարարության կազմում գտնվող այլ վարչություններ։ Այսինքն՝ սկսած թիկունքային ապահովումից պետք է իրականացվի ոչ զինվորականների կողմից։ Շատ բաներ լինելու են պատվիրակված»,–ասել է նա։

Նախարարը նաև նշեց, որ այդ օրենքը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում և առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով։

Հարցին, թե արդյոք օրենքն է պատճառը, որ մինչև հիմա չունենք Գլխավոր շտաբի պետ, նախարարն ասել է, որ պատճառը դա չէ»։ «Պատճառը նաև ճիշտ որոշում կայացնել է, իհարկե։ Բայց նաև Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարը այսօր ամբողջությամբ կատարում է լիազորությունները»,– ասաց նա՝ հավելելով, որ դրանում որևէ խնդիր չի տեսնում։