Իսպանիայի կառավարությունն օրինագիծ կհաստատի, որը տուգանքներ կսահմանի սնունդը աղբը նետող ռեստորանների եւ սուպերմարկետների համար, հաղորդում է El País թերթը:

Դրա տվյալներով՝ իսպանական տնային տնտեսությունները տարեկան մոտ 1.3 միլիարդ կգ մթերք են աղբը նետում, այսինքն՝ մեկ անձի համար միջինում մոտ 31 կգ։ Թագավորության նախարարների կաբինետը մտադիր է պայքարել այս միտման դեմ եւ ցանկանում է հավանություն տալ սննդային կորուստների կանխարգելման մասին օրենքի նախագծին։ Նախաձեռնությունը սննդի շղթայի բոլոր մասնակիցներին պահանջում է վատնողությունից խուսափելու ծրագիր մշակել: Բարերը, ռեստորանները եւ սուպերմարկետները, որոնք չեն հետեւի կանոններին, կարող են տուգանքների ենթարկվել:

Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է դեն նետելուց առաջ առաջնահերթություն տալ արտադրանքի օգտագործմանը։ Այդպես, հնարավոր է սնունդը փոխանցել սննդային բանկերին։ Ձեռնարկությունները ստիպված կլինեն պայմանագրեր կնքել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնց մեջ նշված կլինեն ապրանքների հավաքման, պահպանման եւ տեղափոխման պայմանները։

Եթե ​​սննդամթերքը հնարավոր չէ փոխանցել օգտագործման համար, այն կարելի է օգտագործել հյութերի կամ ջեմերի պատրաստման համար։ Եւս մի տարբերակ է կենդանիների կերերի պատրաստումը: Բացի այդ, ռեստորանները ստիպված կլինեն տեղեկացնել հաճախորդներին, որ նրանք կարող են իրենց հետ տանել իրենց պատվերի մնացորդները, իսկ ընկերությունները պետք է խրախուսեն ժամկետանց սննդամթերքի վաճառքն ավելի ցածր գներով:
Ենթադրվում է, որ ձեռնարկությունները, որոնք չեն հետեւի այս կանոնները, կարող են տուգանքների ենթարկվել՝ 2000 եվրոյից մինչեւ 60 հազար եվրոյի չափով, կրկնվող խախտումների դեպքում տուգանքը կարող է կես միլիոն եվրոյի հասնել։ Ընդ որում, օրինագիծը սնունդը աղբը նետող ​​մարդկանց նկատմամբ միջոցների ընդունում չի նախատեսում: