Ֆրանսիայում բնակվող թուրք գործարար եւ քաղաքական գործիչ Ջեմ Ուզանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը մեկ տարի անց Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է Sözcü թերթին տված հարցազրույցում:

«Թայիփ Էրդողանի [կառավարման] ժամանակաշրջանն ավարտվում է: Արտահերթ ընտրությունների օգտին մի քվեարկեք, որպեսզի նա 12 ամիս հետո  երաժշտության տակ թոշակի անցնի: Ես նախագահի թեկնածու եմ եւ 2023 թ. հունիսին Թուրքիայի նախագահ կդառնամ»,- ասել է փախուստի մեջ գտնվող գործարարը։

Նրա խոսքով՝ հանրապետության ներկայիս ղեկավար Էրդողանը չի կարող առաջադրվել նոր ժամկետի համար։ «Սահմանադրության համաձայն՝ Էրդողանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023 թ. հունիսի 25-ին։ 2018 թ. նա ընտրվել էր հինգ տարի ժամկետով։ Մեր սահմանադրության մեջ չկա «վաղաժամ ընտրություններ» հասկացություն, ես բազմիցս կարդացել եմ հիմնական օրենքը՝ առաջին էջից մինչեւ վերջինը, խորհրդակցել եմ սահմանադրական իրավունքի պրոֆեսորի հետ այս հարցով»,- ասել է Ուզանը՝ մեկնաբանելով արտահերթ համապետական ​​ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջները:

Իշխող Ժողովրդական դաշինքը, որը ներառում է Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ավելի վաղ առաջադրել էր գործող նախագահին՝ որպես միասնական թեկնածու:

Վեց կուսակցությունների դաշինքում միավորված ընդդիմությունը դեռ պաշտոնապես չի նշել իր թեկնածուին։ Ըստ տեղական ԶԼՄ-ների, որոնք վկայակոչում են աղբյուրներն ընդդիմությունում, դրա թեկնածուն կարող է դառնալ Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ Վերլուծաբաններն ընդդիմության կողմից նախագահի թեկնածուներ են անվանում նաեւ Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուին եւ Մանսուր Յավաշին, որոնք, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, պոպուլյարությամբ առաջ են անցնում Էրդողանից։ Սակայն նրանք հայտարարում են, որ մտադիր են կենտրոնանալ որպես քաղաքապետեր իրենց աշխատանքի վրա:

62-ամյա Ուզանը, ով Երիտասարդական կուսակցության հիմնադիրն է, ժամանակին ղեկավարել է Թուրքիայի ամենաազդեցիկ մեդիա հոլդինգներից մեկը՝ Uzan Group-ը։ Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում նա հեռակա բանտարկության է դատապարտվել՝ խարդախության համար։ Ինքը՝ Ուզանը, հերքում է խարդախության մասին մեղադրանքները՝ ասելով, որ դատավարությունն Էրդողանի հետ իր քաղաքական առճակատման արդյունքն է։ Ֆրանսիայում Ուզանը քաղաքական ապաստան է ստացել։