Հայաստանի եւ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում հատուկ տեղ է հատկացվել Հարավային Կովկասում անվտանգության, կայունության եւ խաղաղության ամրապնդման միջոցներին։ Այս մասին տեղեկացրել է աշխատանքայն այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 9-ի մամուլի ասուլիսում։

«Մենք ընդհանուր կարծիք ունենք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաեւ 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների անշեղ կատարման մասին։ Մենք երախտապարտ ենք ռուսական խաղաղապահ զորակազմի կայունացնող դերի բարձր գնահատականի համար՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում եւ գոհունակություն ենք հայտնել Մոսկվայում հունիսի 3-ին երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման արդյունքներից։ Փոխվարչապետերն զբաղվում են  տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման բոլոր հարցերով։ Շոշափվել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի թեմատիկան՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական օժանդակությամբ։ Մեր կողմից մենք հաստատել ենք Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանն օգնելու եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում պահպանվող հումանիտար խնդիրները լուծելու պատրաստակամությունը»,- ընդգծել է Լավրովը։