Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը օրենք է ստորագրել Հայաստանի հետ նավթամթերքների մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին, հայտնում է «Փրայմ»-ը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Մաժիլիսի (ստորին պալատ) էկոլոգիայի եւ բնության կառավարման հանձնաժողովը հայտնել էր, որ համաձայնագիրը սահմանում է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության պայմաններն Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 27-րդ խմբում դասակարգված ապրանքների մատակարարման համար, բացառությամբ նավթի, էլեկտրաէներգիայի, բնական գազի եւ ածուխի:

Կողմերը հաստատում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային նոմենկլատուրայի 27-րդ խմբում դասակարգված ապրանքների ցանկը՝ միջգերատեսչական արձանագրություն կնքելով, որն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ Բացի այդ, երկրների իրավասու մարմինները տարեկան մինչև դեկտեմբերի 1-ը ապրանքների արտադրության, ներքին սպառման, մատակարարման, ներմուծման եւ արտահանման բալանս են կազմում, այդ թվում՝ 27-րդ խմբում դասակարգված ապրանքների մատակարարումների ծավալները Ղազախստանից եւ Ռուսաստանից Հայաստան (ինդիկատիվ բալանսներ):

Ղազախական կողմի իրավասու մարմինը նավթի մատակարարների դիմումների եւ նավթամթերքների արտադրության եւ սպառման ներքին բալանսի հիման վրա հաստատում է հանրապետության նավթավերամշակման գործարաններից Հայաստան նավթամթերքի մատակարարման պլանը` ինդիկատիվ բալանսները չգերազանցող ծավալներով:

Արտահանման մաքսատուրքեր ապրանքներից չեն գանձվի՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի 28-րդ հոդվածի համաձայն։ Դրանք նաեւ Հայաստանի տարածքից չեն կարող արտահանվել երրորդ երկրներ եւ ԵԱՏՄ երկրներ։ Պարտավորությունների խախտումներ հայտնաբերման դեպքում հայկական կողմը ղազախական կողմին դոլարով հաշվարկված եւ արտահանման մաքսատուրքերի ծավալին համարժեք փոխհատուցում է վճարում: