Հայկական դրամի ամրապնդումը զսպեց ինֆլյացիայի աճը։ Այս մասին հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ազգային արժույթի ամրապնդումը չհանգեցրեց ներկրվող ապրանքների գների համաչափ նվազման։

Նրա խոսքով՝ այլ հանգամանքներում գների աճի տեմպերն ավելի էական կլինեին։ «Պատճառներից մեկը, որ դրամի փոխարժեքի ամրապնդումը չհանգեցրեց գների նվազման, միջազգային շուկաներում գների կտրուկ աճն է»,- վստահեցրեց ԿԲ նախագահը։

Նա նշեց, որ ուկրաինական պատերազմի պատճառով ցորենի գները հասել են պատմական առավելագույնին։ Էապես աճել են արեւածաղկի ձեթի գները։ Ստեղծված իրավիճակի մեկ այլ պատճառ են ծագող նյութատեխնիկական խնդիրները, որոնք կապված են, մասնավորապես, «Վերին Լարսի» անցակետի թողունակության, ինչպես նաեւ տրանսպորտային ծախսերի աճի հետ։

«Անցակետում ուշացումների պատճառով ապրանքները հաճախ մասամբ փչանում են։ Բացի այդ, եթե նախկինում բեռնատարները ապրանքներով բեռնված էին ուղեւորվում եւ այնտեղ, եւ հակառակ ուղղությամբ, ապա հիմա, որպես կանոն, դատարկ են վերադառնում, ինչը մեծապես նպաստում է տրանսպորտային ընկերությունների ծախսերի աճին։ Հաշվի առնելով թվարկածը՝ սխալ կլինի խոսել գների կարգավորման անհրաժեշտության մասին՝ բացառապես ազգային արժույթի ամրապնդման հիման վրա։ Իմ կարծիքով՝ պետք է հաշվի առնել բոլոր գործոնները»,- ասաց Գալստյանը։