Հայաստանը որոշել է միանալ ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման մասին ԱՊՀ համաձայնագրին։ Համաձայնագրի համապատասխան նախագիծը, որը նախատեսված է վավերացման համար, հունիսի 14-ին Ազգային ժողովի նիստում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Փաստաթուղթը, նրա խոսքով, ստորագրվել է 2018 թվականի հունիսին։

«Այսպիսով, Հայաստանը հասանելիություն կստանա Ռուսաստանի ռազմական արբանյակների ռեսուրսներին»,- ասել է Սարգսյանը։

Ռազմական արբանյակների տվյալների համատեղ օգտագործման պայմանավորվածությունները, այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության մասին, կարգավորվում են Հայաստանի, Ռուսաստանի եւ վերոնշյալ համաձայնագրին մասնակից այլ երկրների միջեւ երկկողմ համաձայնագրերի հիման վրա։

«Սակայն Հայաստանը վավերացնում է պայմանագիրը մեկ վերապահումով։ Եթե ապագայում համաձայնագրին միանա այլ երկիր, հանրապետությունը կկարողանա առանձին որոշում կայացնել իր մասնակցության վերաբերյալ»,- նշեց փոխնախարարը։ Սարգսյանը, սակայն, չնշեց համաձայնագրին միանալու պոտենցիալ ունակ երկրի անուն, բայց, ըստ ամենայնի, խոսքը Ադրբեջանի մասին է։

«Պայմանագիրը 2018 թվականին ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղըզստանը։ Հայաստանը փաստաթուղթը ստորագրել է ավելի ուշ՝ միայն այս տարվա փետրվարին»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։