Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրել նրա քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Հիշեցնենք, որ սա արդեն այսօրվա ընթացքում փաստաբանի երկրորդ միջնորդությունն է։ Մինչ այդ նա միջնորդել էր Գեւորգյանին Ստրասբուրգ մեկնելու թույլտվություն տալու մասին, որպեսզի վերջինը մասնակցի ԵԽԽՎ-ի նստաշրջանին։ Դատարանը թույլատրել է նրա մեկնումը։ Տասնհինգրոպեանոց ընդմիջումից հետո նիստը շարունակվել է։

Փաստաբանը հիշեցրել է, որ իր պաշտպանյալը ԵԽԽՎ-ի պատվիրակ է, եւ վեհաժողովի կանոնակարգը նախատեսում է իմունիտետ այդ թվում պատվիրակի հանդեպ մինչեւ լիազորություններն ստանձնելը սկսված դատավարությունների շրջանակում։ Այսինքն՝ իմունիտետը պաշտպանում է պատգամավորներին պատասխանատվության ենթարկելուց, ձերբակալությունից եւ հետապնդումից, անգամ այն արարքների համար, որոնք կատարվել են մինչեւ լիազորությունները ստանձնելը, եւ դադարեցնում է գործողությունն այն բանից հետո, երբ անձը թողնում է պաշտոնը։ Համենայն դեպս, ընդգծել է փաստաբանը, Արմեն Գեւորգյանը չի կարող ենթարկվել քրեական հետապնդման ԵԽԽՎ-ի պատգամավոր լինելու ընթացքում։ Այս առնչությամբ փաստաբանը խնդրել է իր պաշտպանյալի հետ կապված այդ մասն առանձնացնել։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդությունն անհիմն է համարել եւ խնդրել է դատարանին մերժել այն։ Փաստաբանն առարկել է, որ եթե Հայաստանի իշխանությունները կարծում են, թե քրեական հետապնդումը չի անդրադառնում Գեւորգյանի պատգամավորական գործառույթների վրա, կարող են դիմել վեհաժողովին իմունիտետի չեղարկման համար, հակառակ դեպքում քրեական հետապնդում իրականացնելու իրավունքներ նրանք չունեն։

Արմեն Գեւորգյանը հիշեցրել է, որ երկրի իշխանությունները ԵԽԽՎ-ից իմունիտետը հաստատող նամակ են ստացել։ «Միայն ԵԽԽՎ-ն կարող է գնահատել՝ արդյո՞ք գործերը քաղաքական բաղադրիչ ունեն, թե՞ ոչ, իրականացվո՞ւմ է արդյոք քրեական հետապնդում, թե՞ ոչ»,- փաստել է Գեւորգյանը։ «Կարող է շատ տարօրինակ իրավիճակ ստացվել, եթե միջնորդությունը մերժվի։ Հարց է ծագում. ինչպե՞ս է Հայաստանը կատարում իր պարտավորությունները։ Սա է հարցի էությունը»,- ամփոփել է Գեւորգյանը։

Կողմերին լսելով՝ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի հունիսի 15-ին, ժամը 13-ին։