Եթե ​​Հայաստանից լավ ասպիրանտները ցանկանում են համագործակցել, ապա ես մեծ սիրով պատրաստ եմ։ Այս մասին հունիսի 15-ին Երեւանում «Գիտության եւ բիզնեսի օրեր 2022» համաժողովին ասաց աստղաֆիզիկոս, STAMUS փառատոնի հեղինակ եւ գլխավոր կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը։

Նա պարզաբանեց, որ դեռ հայ ուսանող չի ունեցել, քանի որ Հայաստանում աստղաֆիզիկայի լավ կուրս չկա, երկրում այդ ուղղությամբ խնդիրներ եղել են եւ կան։ «Չգիտեմ, թե ինչ խորհուրդ տալ հայ ասպիրանտին Հայաստանում աստղաֆիզիկայի ուղղությամբ ուսման հետ կապված։ Ինչու՞ չկան լավ դասընթացներ: Դրանք կարելի է կազմակերպել»,- հավելեց Իսրայելյանը։

Աստղաֆիզիկոսը նշեց, որ արտասահմանցի գիտնականներն այսօր կարող են ճշգրտությամբ ասել, թե ինչ կլինի 10-20 տարի հետո մեծ հեռավորության վրա գտնվող այս կամ այն ​​աստղի հետ։ «Ապա այդ օրենքները կիրառվում են նաեւ գալակտիկաների ուսումնասիրության մեջ։ Երբ մասնիկն ընկնում է «սեւ խոռոչի» մեջ, ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի դրա հետ հետո։ Այդ կետերը երբեմն որպես դեպի այլ տիեզերք դարպասներ են դիտվում: Այսինքն՝ մենք հավատում ենք, որ «սեւ խոռոչները» կապում են տարբեր տիեզերքներ։ Աստղերը շատ պարզ գոյացություն են, դրանք ուղղակի գազեր են տարբեր ջերմաստիճանային վիճակներում»,- պարզաբանեց գիտնականը։

Իսրայելյանը հայտնեց, որ գիտությամբ հետաքրքրվող երաժիշտների թիվն աճում է, նրանք հարգում են գիտությունը. «Ուստի մենք որոշեցինք համագործակցություն հաստատել արվեստաբանների հետ եւ արվեստի միջոցով պատմել գիտության մասին։ Երաժշտության միջոցով նրանք պատմում են գիտության մասին։ Երաժշտությունը զգացմունքների դրսեւորում է, որը չի փոխվել արդեն 5000 տարի։ Իսկ 20-րդ դարում ֆանտաստիկայի ժանրի ի հայտ գալը մեծապես փոխեց գրականությունը, արվեստը, երաժշտությունը, որն իր հերթին փոխեց մարդկանց զգացմունքները, ազդեց նաեւ գիտության զարգացման վրա»,- եզրափակեց նա։

Նշենք, որ Խորհրդային Հայաստանը հայտնի էր իր աշխարհահռչակ աստղաֆիզիկոսներով եւ Բյուրականի աստղադիտարանով։