Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Էֆքան Ալան հաստատել է, որ Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորումը կապված է Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների հետ։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մենք գործում ենք Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակում»,- ասել է նա, տեղեկացրել է haqqin.az-ը։

Նրա խոսքով՝ հանդիպումները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում շարունակվում են. «Տեղի են ունեցել հատուկ ներկայացուցիչների հանդիպումները։ Մենք սպասում ենք հարաբերություների բարելավման։ Հույս ունեմ, որ մյուս կողմը նույնպես նման նպատակադրում ունի։ Ձեռք կբերվեն արդյունքներ, որոնք օգտակար կլինեն ոչ միայն երկու երկրների, այլեւ տարածաշրջանի բոլոր պետությունների համար»։

Խոսելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների մասին՝ կուսակցության փոխնախագահը նշել է, որ «բոլորին խորհուրդ է տրվում դասեր քաղել այդ եղբայրությունից»։