Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն շահառուներին հատուցման գումարների վճարման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ըստ շահառուների կարգավիճակի վճարված դրոշմանիշային վճարի գումարների վերադարձման գործընթացը հստակեցնելու նպատակով:

Որոշմամբ հստակեցվում են հատուցում ստացող շահառուի մահվան դեպքում անհրաժեշտ տեղեկատվության ստացման, այդ շահառուի մասով հատուցման գումարը այլ շահառուների մեջ բաժանելու և վճարելու, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին, ներառյալ նրանց, ովքեր հանդիսանում են նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար, հաշվետու օրացուցային տարվա համար դրոշմանիշային վճարի գումարները հետ վերադարձնելու ժամկետների սկզբի և ավարտի որոշման ընթացակարգերը:

Առաջարկվում է նաև այդ գործընթացում մի շարք փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջները չկիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր արդեն իսկ հանդիսանում են հիմնադրամի շահառուներ: Դրոշմանիշային վճարի գումարները հետ վերադարձնելու համար անհրաժեշտ ժամկետ է սահմանվում մինչև 15 աշխատանքային օրը։