Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին ծանոթացնել Շվեդիայի և Ֆինլանդիայի վերաբերյալ «հատուկ փաստաթղթեր», հայտնում է Sabah թերթը եւ հավելում, որ փաստաթղթերը վկայում են պաշտոնական Հելսինկիի եւ Ստոկհոլմի ֆինանսական աջակցությունը «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը»:

Ըստ թերթի՝ Սիրիայում եւ Հյուսիսային Իրաքում ռազմական գործողությունների ընթացքում թուրքական բանակը առգրավել է 84 տրամաչափի, 200-1000 մ հեռահարությամբ շվեդական արտադրության AT-4 հակատանկային ատրճանակներ, որոնց սերիական համարները թուրքական ուժերի կողմից արձանագրվել են եւ լուսանկարվել։

Բացի այդ թուրքական կողմը գագաթնաժողովի ընթացքում կանդրադառնա «Հունաստանի կողմից Էգեյան ծովում լարվածության սրման» հարցին՝ մասնավորապես, ռազմական կարգավիճակ չունեցող հունական կղզիներին զինելուն։ Թուրքիան սա համարում է Փարիզի (1947թվական) եւ Լոզանի (1923թվական) պայմանագրերի «էական խախտում»: Անկարան դատապարտում է Հունաստանի պաշտպանության փոխնախարարի մակարդակով իրականացված «սադրիչ այցերը»։ Sabah-ը նշել է, որ վերոնշյալ փաստաթղթերի հետ միասին դաշնակիցներին կցուցադրվեն նաև այն փաստերը, «որոնք Աթենքը հերքում է»:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, Շվեդիան եւ Ֆինլանդիան դիմել էին ՆԱՏՕ-ին`անդամի կարգավիճակ ստանալու համար, սակայն Թուրքիան, կիրառելով իր վետօի իրավունքը, խոչընդոտել է դիմումների ընթացքին: