ՄԱԿ-ի բոլոր չորս բանաձեւերն ընդունել են Արցախի սուբյեկտայնությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Միեւնույն չէ՝ կա՞ Արցախ, թե՞ ոչ Ադրբեջանի կազմում, թե ոչ։ Արցախի կորուստը կհանգեցնի աշխարհաքաղաքական լանդշաֆտի անկանխատեսելի փոփոխությունների։ Պատկերացրեք, որ Արցախ չկա։ Որպես հնարավոր տարբերակ՝ պանթյուրքիզմը կզբաղեցնի գերակա դեր տարածաշրջանում, ինչը կհանգեցնի ներթափանցման Միջին Ասիա, Հյուսիսային Կովկաս, Մերձավոր Արեւելք՝ մինչեւ Չինաստան»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ դիմակայության միջոցներից մեկը փաստերի ուսումնասիրումն եւ խեղաթյուրմանը դիմակայությունն է։ Օրինակ, Ադրբեջանը մշտապես առաջ է տանում ՄԱԿ-ի բանաձեւերի իր մեկնությունները։ «Բոլոր 4 բանաձեւերն ընդունել են Արցախի սուբյեկտայնությունը։ Եվ այդ մասին պետք է ասել։ Դրանցում նշված են «տեղի հայկական ուժերը», ինչը վկայում է սուբյեկտայնության մասին»,- ընդգծել է Բաբայանը։

Նա միաժամանակ նշել է սեփական դիրքերը պաշտպանելու անհրաժեշտության մասին։ «Շառլ Միշելի ահավոր հայտարարությունները։ Արցախի կոշտ արձագանքից հետո Կլաարը եւ մյսուներն սկսեցին ճշտել եւ ասել, որ այդ նկատի չեն ունեցել։ Իսկ եթե լռես, ամեն բան այլ կերպ կլինի։ Այնպես որ, ամեն բան կախված է մեզանից, մեր քաղաքականությունից։ Շառլ Միշելը եւ մյուսները պետք է մեզանից մեսիջներ ստանան։ Ամբողջ հարգանքով հանդերձ, նրանց խոսքերը օրենք չեն մեզ համար, որովհետեւ սա գոյաբանական պայքար է։ Եվ եթե ինչ-որ մեկին թվում է, թե ընտրություն չկա, խիստ սխալվում է, ընտրություն միշտ կա»,- նշել է արտաքին գործերի նախարարը։