Այսօր լրանում է Արցախի հերոս, ռազմական գործիչ Լեոնիդ Ազգալդյանի մահվան 30-րդ տարելիցը։ Մաշտոց-Խորենացի փողոցների խաչմերուկում տեղադրված նրա  հուշարձանի մոտ, կեսօրին Լեոնիդ Ազգալդյանի հարազատները, մարտական ընկերներն ու այլ ազատամարտիկներ հարգանքի տուրք մատուցեցին նրա հիշատակին։

«Լեոնիդի գլխավորությամբ մենք կազմակերպեցինք ազատագրական պայքարը։ Մինչեւ այդ ինքը անկախության բանակի հրամանատար էր: Մեզ մնում էր ազատագրական պայքար մղել, որ Արցախի հողերը ազատագրվեն: Իսկ ինչով է տարբերվում ազատագրական ջոկատը սովորական ջոկատից։ Ոչնչով, եթե հայրենասիրությունից կխոսենք: Այն ջոկատները, որոնք կային, նույն ձեւով լցված էին հայրենասիրությամբ։  Լեոնիդի տարբերությունը մյուսներից այն էր, որ ինքը ինտելեկտուալ մարդ էր: Այդ է պատճառը, որ երբ սկսվեց արցախյան շարժումը, ինքը գիտեր, որ այս հարցը շարունակվելու է կռվով։ Լեոնիդը այն անձն էր, որ տարբեր մարդկանց հավաքելով բոլորին դարձրեց իսկական զինվոր, որոնք օգուտ բերեցին մեր ազգին։ Լեոնիդը մեծ նշանակություն ունի մեր ազգի համար: Մենք պետք է հիշենք նրան: Նա մեր հերոս հրամանատարն է: Իր նմաններին մենք պետք է հետագայում ունենանք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգալդյանի մարտական ընկերներից Հովսեփ Հովսեփյանը:

Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ինչպես նրա անունը կրող դպրոցի սաները, այնպես էլ այլ դպրոցների աշակերտներ։

Մանրամասները՝ տեսանյութում։