Այս քրեական գործով մեզ Քննչական կոմիտե հրավիրելն արդեն իսկ անօրինական գործընթաց է, ես դրան իրավական գործընթաց չեմ անվանի։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ քննչական գործողությունների։ Զոհված զինծառայողների հարազատներն ի աջակցություն Գալեյանի՝ հավաքվել են Քննչական կոմիտեի բակում։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Գալեյանը մեղադրվում է զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ ծանր վիրավորանք հասցնելու մեջ:

«Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը փաստել էր, որ գործում բացակայում է հիմնավոր կասկածը՝ երեք հոդվածներով, որից հետո մենք միջնորդություն էինք ներկայացրել դատախազին՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Դեռեւս միջնորդության պատասխանը չենք ստացել։ Դատարանում խմբի քննիչն էլ հայտարարեց, որ մեղադրանք առաջադրելու պահին բավարար ապացույցներ առկա չեն եղել»,- նշեց Վահան Հովհաննիսյանը եւ հավելեց, որ այդ գործողություններից հետո պետք է քրեական հետապնդումը դադարեցվեր։

Ըստ փաստաբանի՝ անօրինական մեղադրանքով են անձին հրավիրել քննչական գործողությունների. «Այսօր մեզ կանչել էին, որպեսզի լրացուցիչ հարցաքննեին Արթուր Գալեյանին»։

Անդրադառնալով քրեական գործը ԶՔԳՎ վարույթից վերցնելու եւ այն Քննչական կոմիտե տեղափոխելու որոշմանը՝ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Այս նպատակը չի կարող լինել իրավական եւ նպատակ է հետապնդում այս գործով կոնկրետ ստորաբաժանման ղեկավարի համար ցանկալի արդյունքների հասնելու։ Նպատակը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելն է, հետագայում մեղադրական դատավճիռը»։