Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1000-ից, հայտնում է CNN-ը։

Զոհվածների մեծ մասը հայտնաբերվել է Պակտիկա նահանգում՝ Գիյան, Նիկա, Բարմալ եւ Զիրոք շրջաններում, ըստ նահանգի աղետների կառավարման նախարարության տվյալների։

«Միայն Պակտիկա նահանգի Գիյան եւ Բարմալ շրջաններում զոհերի թիվը գերազանցում է 1000-ը, առնվազն 1500 մարդ վիրավորվել է»,- CNN-ին ասել է Պակտիկա նահանգի տեղեկատվության եւ մշակույթի բաժնի ղեկավար Մոհամմադ Ամին Հոզայֆան:

Նրա խոսքով՝ սպասվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հարեւան Խոստ նահանգում զոհվել է 25 մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են, իսկ 5 մարդ զոհվել է Նանգարհար նահանգում, հայտնում է աղետների կառավարման գործակալությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանի հարավ-արեւելքում Խոստ քաղաքից մոտ 44 կիլոմետր հեռավորությամբ։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի սահմանից ավելի քան 500 կմ հեռավորությամբ, այդ թվում՝ Պակիստանում եւ Հնդկաստանում։ Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը զգացվել է նաեւ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում եւ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։

Հավելենք, որ գիշերը 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաեւ Իրանում։ Գիտնականները հայտնել են, որ էպիկենտրոնը գտնվել է Մոհրա քաղաքից 59 կմ հարավ-արեւելք։