Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women)  ներկայացուցիչ Կաորի Իսիկավայի հետ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերն անդրադարձել են նախարար Նարեկ Մկրտչյանի՝ Նյու-Յորք կատարած այցի շրջանակում կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր քարտուղարի օգնական Օսա Ռեգների հետ հանդիպման ընթացքում քննարկված UN Women-ի Հայաստանում ներգրավվածությունը մեծացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությանը։ Քննարկվել են նաև «Կանանց տնտեսական զորեղացում Հարավային Կովկասում» (WEESC) տարածաշրջանային ծրագրի շրջանակում Հայաստանում կանանց զբաղվածության ապահովման տեխնիկական աջակցության հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր։ Կարևորվել է գենդերային ազդեցության գնահատման (GIA) ու գենդերային ինտեգրման կարողությունների զարգացման մոդուլների հարմարեցման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը։

Բարձր գնահատելով կառույցի գործունեությունը տարբեր երկրներում կանանց զորեղացման և գենդերային հավասարության ապահովման գործում՝ նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի դերը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանանց աքսելերատոր ծրագրի կարևորությունը՝ վերջիններիս ձեռներեցությունը խթանելու, մասնագիտական հմտությունները զարգացնելու, միջին և փոքր բիզնեսներին աջակցելու տեսանկյունից։ Կանանց և աղջիկների կարողությունների զարգացման, նրանց հնարավորությունների բացահայտման և օգտագործման գործում նախարարը շեշտել է նաև գենդերազգայուն տվյալների հավաքագրման արդյունավետ մեխանիզմների անհրաժեշտությունը։

«Քաջատեղյակ ենք ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի կողմից Հարավային կովկասում իրականացվող ծրագրերին, որոնք կարևոր ազդեցություն ունեն ոլորտի համար։ Որպես գենդերային քաղաքականությունը մշակող հիմնական պետական գերատեսչություն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է կանանց տնտեսական զորեղացումը և պատրաստ է ավելի սերտ համագործակցության»,- նշել է նախարարը։

Կաորի Իսիկավան ևս բարձր է գնահատել ԱՍՀՆ հետ համագործակցության, մասնավորապես՝ կանանց և աղջիկների հզորացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը․ «Կարևորում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դերը՝ կանանց աքսելերատոր ծրագրի իրականացման գործում։ Տարիներ առաջ մեր կազմակերպությունը փոքր դրամաշնորհներ էր տալիս կանանց, և դրանք ուղղված էին փոքր ու ավանդական ոլորտներին։ Բայց հիմա ուրախալի է տեսնել կանանց հզորացումն ու զորեղացումը, ինչպես նաև նրանց ակտիվությունը ձեր երկրում»։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև երկկողմ պատրաստակամությունը՝ համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման համար։