Ռուսաստանի կառավարությունը հունիսի 20-ին որոշում է կայացրել բացել «Վերին Լարս» անցակետի մաքսային ձեւակերպման երկրորդ գոտին, ինչը, մեր գնահատմամբ, պետք է անցակետի թողունակությունը բարձրացնի 30 տոկոսով (ներկայիս 400-450-ի փոխարեն՝ օրական 600-700)։ Այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Իմանալով անցակետում արագ փչացող ապրանքների խնդրի մասին՝ Հայաստանի իշխանությունները վրացի գործընկերներին խնդրել էին ծաղիկները եւ ձուկը ներառել արագ փչացող ապրանքների կարգում, որպեսզի փոխադրողները կարողանան արտահերթ մոտենալ «Վերին Լարս» անցակետին։ «Սակայն առայժմ տեղեկություն չկա այն մասին, որ այդ փոփոխությունը կատարվել է, այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է»,- պարզաբանել է Քերոբյանը։

Նախարարը խոստովանել է, որ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ վերջին ժամանակներս վնասներ են կրել։

«Մենք նրանց հետ աշխատում ենք։ Եթե տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտները կարողանան շահույթով դուրս գալ, ապա մենք ներկա վնասները կգնահատենք որպես բիզնես-ռիսկ, իսկ եթե խնդիրն ավելի խոր լինի, ապա կմշակենք աջակցության ծրագրեր։ Այդ ռիսկերը գոյություն ունեն արդեն 30 տարի։ Մենք ամեն բան անում ենք, որպեսզի վերացնենք դրանք եւ բարձրացնենք լոգիստիկ կապերի մակարդակն արտաքին աշխարհի հետ»,- ավելացրել է նախարարը։