Քննչական կոմիտեում որեւէ անձ իրավասու չէ քրեական գործ հարուցել ԲԴԽ անդամի նկատմամբ, նման լիազորություն ունի բացառապես Գլխավոր դատախազը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակած ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը Դատախազության կողմից Քննչական կոմիտե ուղարկելուն։

«Գլխավոր դատախազը, երբ այս փուլում քրեական հետապնդում է իրականացնում դատավորի նկատմամբ, պետք է դիմի ԲԴԽ, ստանա ԲԴԽ-ի համաձայնությունը, դրանից հետո իրականացնի համապատասխան գործառույթ։ Այդ համաձայնությունը ստացած չլինելու պայմաններում քրեական գործի նյութերը պատրաստելու համար Քննչական կոմիտե ուղարկելն ինքնին չի բխում օրենքի գերակայությունից, քանի որ Քննչական կոմիտեում որեւէ անձ իրավասու չէ քրեական գործ հարուցել ԲԴԽ անդամի նկատմամբ, նման լիազորություն ունի բացառապես Գլխավոր դատախազը»,- նշեց փաստաբան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Վարդազարյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել իր, Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ նախորդ տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին՝ հրաժարական ներկայացնել։ Ջհանգիրյանը հորդորում է, որ հրաժարական տալու դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, եւ նա մնալու է ԲԴԽ-ում որպես խորհրդի անդամ։ Ձայնագրությունը Դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու համար։

Փաստաբանի խոսքով՝ այդ ձայնագրությունում երեւում է թաքնված կամ ոչ այդքան էլ թաքնված այլ օրակարգ, քան կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացի նպատակն էր.

«Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակներից մեկը համապատասխան պաշտոնն ազատելն է, որպեսզի այն զբաղեցվի կոնկրետ անձի կողմից։ Ընդհանրապես, երբ դիտարկում են քաղաքական կամ այլ ենթատեքստերի առկայության կամ բացակայության հարցը, նաեւ դիտարկում են վարույթի ընթացքում տեղի ունեցած խնդիրները, խախտումները կամ դրանց բացակայությունը, հիմա այս վարույթի շրջանակներում առկա են եղել խնդիրներ, որոնց մի մասի մասին արդեն բարձրաձայնել եմ հենց ասուլիսի ժամանակ կամ տարբեր հարցազրույցներում։ Դրանք են՝ ժամանակ չտրամադրելը, դատավորներին հնարավորություն՝ հարցադրումների հնարավորություն չտալը, ներկայացված միջնորդությանը չպատասխանելը, բացարկի ակնհայտ ենթակա անձի կողմից դատական նիստին մասնակցելը եւ ինքնաբացարկ չհայտնելը եւ մի շարք այլ հանգամանքներ հիմք են տալիս ենթադրելու, որ այս գործընթացը ինքնին ոչ թե ունի Սահմանադրության եւ Դատական օրենսգրքով նախատեսված նպատակը, այլ ունի այլ նպատակներ։ Դրանցից առնվազն մեկը հրապարակվեց ձայնագրությամբ։

Կարծում եմ՝ ձայնագրությունից բխում է, որ նպատակներն այլ են եղել. այսինքն՝ այս գործընթացը ոչ թե այն է, եղել, որ ձայնագրությունը հրապարակեցիր, պատիժը կդադարեցնենք, այլ այն, որ ի սկզբանե եղել են որոշակի նպատակներ, որոշակի ժամկետ էր տրվել հրաժարական տալու, բայց ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական չէր տվել Վարդազարյանը, ինչին հետեւել էր համապատասխան որոշումը»,- ասաց Օրբելյանը։

Նշենք, որ այսօր ԲԴԽ-ն Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է կայացրել։ Ինչպես եւ ենթադրվում էր, խորհուրդը ամենախիստ պատասխանատվության միջոցը կիրառեց Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ։ Այս որոշման առնչությամբ հատուկ կարծիք են ներկայացրել Մեսրոպ Մակյանը եւ Սերգեյ Չիչոյանը։ Կարգապահական պատասխանատվության ենթարկելուն դեմ է եղել Անի Մխիթարյանը, որը նույնպես ունի հատուկ կարծիք։

Հիշեցնենք, որ Վարդազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումը ներկայացրել էին ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը։ Կարգապահական վարույթ հարուցելու հիմքը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցն է։ Վարդազարյանն այդ հարցազրույցում խոսել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի մասին, նշել, թե այդպիսով խախտվել է դատավորի չեզոքության սկզբունքը։